Շոու-բիզնեսում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության․ ՊԵԿ

18-12-2018
Շոու-բիզնեսում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության․ ՊԵԿ

ՊԵԿ-ը շոու-բիզնեսում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները։ Այս մասին տեղեկացնում է կառույցի տարածած պաշտոնական հաղորդգարությունը։ 

«Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունները, ևս մեկ անգամ հորդորում է շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով: 

Հաշվի առնելով, որ հարցը տևական ժամանակ քննարկվել է, ՊԵԿ-ը հորդորում է ինքնահայտարարագրել եկամուտները սեղմ ժամկետներում: Հակառակ դեպքում հարկային մարմնի տեսադաշտում գտնվող անձանց նկատմամբ կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ»,-մասնավորապես նշված է հաղորդգարության մեջ:

ՊԵԿ ծառայությունը տեղեկացնում է․ «Հիշեցնում ենք, որ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության»:

«Բարձր գնահատելով մշակութային ոլորտի կարևորությունը՝ Պետական եկամուտների կոմիտեն խնդրի լուծումը տեսնում է փոխըմբռնման հարթությունում՝ կտրուկ քայլերի փոխարեն դարձյալ ծանուցելով շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց»,-նշված է ՊԵԿ տարածած հաղորդագրության մեջ։